Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ՝ ինստիտուտի շենքում տեղի է ունեցել հայ մեծանուն նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի հիշատակը հավերժացնող եռալեզու հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։
Հուշատախտակը բացել են Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Գյոթեի ինստիտուտի տնօրեն Լաուրա Հարցը։
Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանում Գերմանիայի դեսպան Բարբարա Ֆոսը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Վրաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության տնօրեն Գիորգի Դոլիձեն, մշակութային գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդգծել է Գևորգ Բաշինջաղյանի կյանքի և ստեղծագործական ուղու սերտ կապը Վրաստանի, մասնավորապես՝ Թբիլիսիի հետ, որտեղ նկարիչն ապրել և ստեղծագործել է իր կյանքի նշանակալի հատվածում։
Դեսպանը կարևորել է արվեստագետի ներդրումը հայ ազգային կերպարվեստի զարգացման և Թբիլիսիի մշակութային կյանքի հարստացման գործում՝ առանձնահատուկ ընդգծելով նրա ստեղծագործական ժառանգության միավորող նշանակությունը հայկական, վրացական և եվրոպական մշակույթների միջև։
Աշոտ Սմբատյանը շնորհակալություն է հայտնել Գյոթեի ինստիտուտի տնօրենին և Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակից Հայկուհի Սահակյանին՝ նախաձեռնությանն աջակցելու համար։ Առանձնահատուկ երախտագիտություն է հայտնել նաև բարերար Վլադիմիր Չիրախովին, որը Գևորգ Բաշինջաղյանի՝ 1918 թվականին ստեղծած կտավներից մեկը հանձնել է Գյոթեի ինստիտուտին՝ ի պահ։
Միջոցառման երաժշտական հատվածում վիրահայ երիտասարդ դաշնակահար Արսեն Կարապետյանի կատարմամբ հնչել են Առնո Բաբաջանյանի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները։
