Ես շատ ցավում եմ, որ այս քննարկումների ժամանակ, այդ թվում՝ ընդդիմության կողմից, այս թեմայի վերաբերյալ խոսակցություն չեղավ, որովհետև ես կարծում եմ՝ սա շատ կարևոր թեմա է։ Ժողովրդի ամրության, առողջության, կենսունակության, լավագույն ցուցիչներից մեկը սպորտն է, որը տարբեր ատյաններում ցույց է տալիս, թե մենք ուր ենք հասել մասնավորապես սպորտում, որտեղ բարձրանում է Հայաստանի դրոշը, հնչում Հայաստանի հիմնը։ Այդ մասին «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ հիմա կարող ենք ավելի մանրամասն քննարկել, որովհետև խաղաղությունը թույլ է տալիս շատ ավելի թեմաների անդրադառնալ, այդ թվում՝ խորությամբ սպորտին։
Հարությունյանը տեղեկացրեց՝ 2027-ի բյուջեով սպորտի համար հատկացվել է աննախադեպ՝ 25 մլրդ դրամ։
«2018 թվականից ի վեր, 2017-ի բյուջեով, ուշադրությո՛ւն, հատկացվել է, 1,8 մլրդ դրամ՝ 13 անգամ պակաս։ Այսինքն՝ հաջորդ տարի մենք 13 անգամ ավելի շատ գումար ենք ծախսելու սպորտի վրա, քան 2017 թվականին, և սա էական փոփոխություն է։
Էական փոփոխություն է մասսայական սպորտին հատկացվող գումարները հաջորդ տարի, որը 2026-ի համեմատ աճել է 134,8 տոկոսով»,- տեղեկացրեց պատգամավորը՝ ընդգծելով՝ ըստ էության բոլոր ուղղություններով ունենք աճեր։
Հարությունյանն իր խոսքում կարևորեց սպորտի՝ բոլորինս լինելու հանգամանքը, սակայն նշեց՝ այն չի եղել այսպիսին, համենայնդեպս, մինչև վերջերս, որովհետև սպորտի մի ճյուղը՝ Օլիմպիական կոմիտեն, շարունակում է մնալ օլիգարխիկ՝ համատարած վախ տարածելով սպորտի որոշ ուղղություններով և ֆեդերացիաներում։
Պատգամավորը մի օրինակ բերեց՝ հիշեցնելով, որ երբ 2020-ին եկել էր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու ժամանակը, և երբ ամբիոնից նա ելույթ էր ունենում, այդ ընթացքում ամբողջ Օլիմպիական կոմիտեն լծված էր նրան, որ ստիպեն մարզիկներին հայտարարություններ անել Օլիմպիական կոմիտեի նախագահի համար։
«Հիմա էլ էդպիսի ջանքեր են գործադրում, բայց էն հիմքերը, որ դրվել են սպորտում վերջին տարիներին, էնպիսին են, որ մարզիկները կարողանում են ասել՝ ոչ, եղբայր, ես սպորտսմեն եմ և զբաղվում եմ իմ սպորտով»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ երբ 2020-ին մարզիկները հրաժարվել են դա անել, Ծառուկյանը «կտրել է բոլոր փողերը»։
«Վերջին 8 տարիներին մենք էականորեն փոխել ենք պարգևավճարները, նպաստները, որը թույլ է տալիս որոշ մարզիկների, որոնք արդյունք են ցույց տալիս, միլիոններ աշխատել տարվա ընթացքում։ Ինչի ենք սա անում, որպեսզի արդյունք ցույց տվող մարզիկը և մարզիչը ընտանեկան հոգս չունենան, էդ գումարը վաստակեն և արդյունք ցույց տան։ Էս ջոկողությունը մենք փորձել ենք վերացնել»,- նշեց նա։
Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ ասաց, որ նրանք էլ են այդ ջոկողությունից տուժել։
«Մի լավ բան պիտի ասեմ Սամվել Կարապետյանի մասին։ Մինչև 2027 թվականը Ըմբշամարտի ֆեդերացիան են հովանավորել և էական գումարներ են ծախսել։ Բայց ինչի են գնացել, գիտե՞ք, ֆեդերացիայից, էլի Օլիմպիական կոմիտեի պատճառով, նույն Գագիկ Ծառուկյանի պատճառով, որովհետև էն, ինչ անում էին, ներկայացվում էր որպես Օլիմպիական կոմիտեի արդյունք»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ պետությունից հատկացվող գումարները Ծառուկյանն ու նրա թիմը ներկայացնում էին որպես իր կողմից ծախսվող գումարներ, ու մարզիկների ու մարզիչների մի զգալի մաս չի իմացել այդ մասին։
