Երևանում մեկնարկել է Հայաստան–Վրաստան 7-րդ իրավական ֆորումը, որը միավորում է երկու երկրների արդարադատության ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտային բարեփոխումները, համագործակցության առաջնահերթություններն ու նոր նախաձեռնությունները։Բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ Հայաստան-Վրաստան իրավական ֆորումն այս տարիների ընթացքում դարձել է նախարարությունների միջև համագործակցության կայացած հարթակ, որը հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնելու մեր երկրներում իրականացվող բարեփոխումները, այլև միմյանց փորձի հիման վրա գործնական լուծումներ գտնելու ընդհանուր մարտահրավերներին։
Այս տարվա ֆորումը համընկնում է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման հետ, որը արտացոլում է միջազգային ճանաչում ունեցող մեր տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ հարատև պետություն կառուցելու տեսլականը, որի իրագործման ճանապարհին առանցքային նշանակություն ունի արդարադատության համակարգի շարունակական կատարելագործումը։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև այն բարեփոխումներին, որոնք ներկայացված են նոր Սահմանադրության նախագծում:
Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան իր բացման խոսքում ընդգծել է Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված ռազմավարական գործընկերության, արդարադատության ոլորտում համագործակցության շարունակական զարգացման, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների կարևորությունը։
Վրաստանի արդարադատության նախարարը հույս է հայտնել, որ այս օրերի ընթացքում անցկացվելիք քննարկումները կլինեն բովանդակալից և արդյունավետ, դուրս կգան պարզապես մասնագիտական փորձի փոխանակման շրջանակներից և հիմք կհանդիսանան նոր գաղափարների, համատեղ նախաձեռնությունների ու երկարաժամկետ գործընկերության զարգացման համար։
