Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային խորհրդակցությունից հետո ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ոստիկանական ու փրկարարական ջոկատները մայրաքաղաքում իրականացրել են ձնամաքրման, ըստ անհրաժեշտության՝ ծառահատման աշխատանքներ:
Առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը: ՆԳՆ ծառայողները Սասունցի Դավիթ փողոցի երկայնքով ձեռքի միջոցներով մաքրել են ճանապարհի երթեկելի գոտին, ինչպես նաև բնակչության ազատ տեղաշարժի համար մաքրել մայթերը:
Գործի է դրվել նաև «Միք-Շին» ՍՊ ընկերության տեխնիկական միջոցները:
Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի և ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի ուղեկցությամբ, նախարար Սարգսյանը հետևել է ձնահեռացման աշխատանքներին, տվել ցուցումներ:
«Ստեղծված իրավճակն ու բոլոր մարտահրավերները հաղթահարելի են, երբ պայքարում ենք միասնական ջանքերով»,- նշել է Կարեն Սարգսյանը, միաժամանակ իր շնորհակալությունը հայտնել անձնակազմին, վերապահված աշխատանքը պատասխանատվությամբ կատարելու համար: