Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիս է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ 23.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիս է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ
		23.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային


Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ մեջլիսի քննարկմանն է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ՝ հաղորդում է «Ազատությունը»:

Փաստաթուղթը ենթադրում է սահմանել Հայոց ցեղասպանության պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերն անվանակոչել ցեղասպանությանը ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել:

«Հայ ժողովրդի Մեծ Եղեռնը դրա իրագործման վայրում՝ Թուրքիայի մեջլիսում, պետք է քննարկվի, անվանակոչվի, և արդարություն հաստատվի: Եթե դա տեղի ունենա, ապա այլևս կարևոր չի լինի, թե այլ երկրների ղեկավարներն ու խորհրդարանները ինչ կասեն այս հարցի վերաբերյալ: Հայ ժողովրդի վերքը միայն թուրք հասարակությունը կարող է ամոքել: Հայոց ցեղասպանությունը այս հողերում է իրականացվել, և արդարությունն էլ միայն այստեղ՝ Թուրքիայում կարող է հաստատվել»,- ասված է օրինագծում: