Այսօրվանից համընդհանուր առողջապահական ծրագրի փաթեթներն ուժի մեջ կմտնեն: Աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն մամլո ասուլիս է անցկացրել, որի ընթացքում խոսել է իրականացված փոփոխությունների մասին, հաղորդում է aliq.ge կայքը:
Համընդհանուր ծրագրում ընդգրկված խմբերը եւ ֆինանսավորման պայմանները հետեւյալն են.
Միջին եկամուտ ունեցող քաղաքացիները, որոնց ամսական վաստակը բարձր է 1000 լարիից, սակայն տարեկան եկամուտը չի գերազանցում 40 000 լարին, ընտրության իրավունք ունեն օգտվելու համընդհանուր առողջապահական ծրագրի սահմանափակ ծառայություններից կամ մասնավոր ապահովագրման փաթեթից:
Այս խմբի քաղաքացիների համար ծրագրի շրջանակներում, մասնավոր ապահովագրման փաթեթ ունենալուց բացի, պահպանված է օնկոլոգիական հիվանդությունների բուժումը: Մասնավորապես, քիմիաթերապիան եւ հորմոնաթերապիան, նաեւ ծննդաբերությունը (կեսարյան հատման ծառայությունները):
Ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները, որոնց ամսական եկամուտը 1000 լարիից պակաս է, նաեւ ոչ մշտական աշխատանք ունեցող անձինք, մասնավոր ապահովագրություն ունենալուց բացի, կպահպանեն համընդհանուր առողջապահական ծրագրից օգտվելու իրավունքը՝ փոքր-ինչ սահմանափակ փաթեթով: Այս դեպքում նույնպես հասանելի են մնում օնկոլոգիական հիվանդությունների բուժումը եւ ծննդաբերական ծառայությունները:
Սոցիալապես անապահով քաղաքացիները, որոնց վարկանիշային միավորը 70 000-ից 100 000 է կազմում, եւ 6-ից 18 տարեկան երիտասարդները, ինչպես նաեւ ուսուցիչները եւ հաշմանդամություն ունեցող անձինք անփոփոխ կօգտվեն համընդհանուր ծրագրով նախատեսված ծառայություններից:
Ըստ առողջապահության նախարարության՝ դեղորայքի ձեռքբերման դեպքում շեշտը կդրվի որակի վրա: Եթե դեղորայքն արտադրված չէ Եվրամիության երկրներում, ապա հարկավոր կլինի ներկայացնել առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավատարմագրված որակի վերահսկման լաբորատորիայի հավաստագիր: