Ապրիլի 28-ին Ախալցխա էր այցելել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Այցելության հիմնական նպատակն էր ծանոթացնել տեղի հասարակությանը Վրաստանում մշակվող սահմանադրական բարեփոխումների նախագծին, որոնց կետերի մեծամասնությանը ինչպես երեւում է դեմ է երկրի նախագահը: Նրա խոսքերով իշխանությունները մտադիր են վերացնել դաշինքներով խորհրդարան մտնելու կուսակցությունների իրավունքը, ինչը դեմ է բազմակուսակցական ժողովրդավարության սկզբունքներին: Դրանից բացի նոր սահմանադրական բարեփոխումների նախագծով նախատեսվում է երկրի նախագահին ընտրել ոչ թե ուղիղ ընտրությունների միջոցով, այլ խորհրդարանի քվեարկությամբ, ինչին նախագահի խոսքերով դեմ է քաղաքացիների մեծամասնությունը:
Նախագահը նաեւ անդրադարձավ ինքնակառավարվող քաղաքների մի մասի կարգավիճակի չեղարկման նախագծին, որոնց շրջանում է նաեւ Ախալցխան: Այդ հարցում եւս Գիորգի Մարգվելաշվիլին դրական ոչինչ չի տեսնում եւ կողմնակից է, որ տվյալ կարգավիճակը ոչ միայն պահպանվի, այլ նաեւ ավելի ամրապնդվի:
Ահա սրանք էին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի Ախալցխա այցելության հիմնական նպատակները, որպեսզի տեղի հասարակությունը կանգնի երկրի ժողովրդավարական սկզբունքների կողքին եւ պաշտպանի իր սահմանադրական իրավունքները:
Այս համատեքստում տրամաբանական է, որ Ախալցխայի հայ հասարակության ներկայացուցիչները առիթ ունեցան խոսելու նույն ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքների մասին, հիշեցնելով նախագահին այն իրավունքների մասին, որոնք նա ունի սահմանադրորեն որպես երկրի նախագահ եւ որոնք կան ու կիրառվում են նաեւ զարգացած ժողովրդավարական երկրներում:
Առաջին ուղերձը նախագահին տեղի հայ հասարակական գործիչների կողմից այն էր, որ պետք է վերադարձնել տեղացի հայերին իրենց կորցրած քաղաքացիությունը, որոնք նրանք կորցրել են ստանալով ՀՀ քաղաքացիություն: ՀՀ քաղաքացիությունը մարդկանց անհրաժեշտ էր մեկնելու արտագնա աշխատանքների: Դա արվել է մարդկանց կողմից, որպեսզի այս գործազրկության պարագայում նրանք կարողանան ապահով պահել իրենց ընտանիքները այս երկրում: Դրանից բացի տվյալ անձինք ովքեր ստացել են ՀՀ քաղաքացիություն եւ մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի մեծ փողերի ներհոսք են ապահովվել Վրաստան, որը եւս դրական է երկրի տնտեսության զարգացման համար: Այս առումով երկրի նախագահին է պատկանում մարդուն քաղաքացիություն վերադարձնելու կամ տրամադրելու իրավունքը, ինչին շատ հաճախ մերժում են ստանում տեղացի հայերը, որոնք ոչ միայն Վրաստանի ծնունդ են այլ տեղում ունեն ընտանիք եւ անշարժ գույք, ինչպես դա պահանջում է երկրի օրենսդրությունը:
Երկրորդ ուղերձը նախագահին այն էր, որ տեղում բազմաթիվ լավ մասնագետներ լինելու պարագայում իշխանությունները տեղացիների փոխարեն գործով են ապահովում իրենց այն քաղաքացիներին, որոնք Սամցխե-Ջավախքի բնակիչներ չեն եւ կարող են տվյալ պաշտոնները զբաղեցնել իրենց շրջաններում: Դա եւս նպաստում է գործազրկությանը եւ բերում նոր խնդիրների կուտակման, քանզի տեղացիներից լավ ոչ մեկ չգիտի իրենց խնդիրները:
Երրորդ ուղերձը նախագահին այն էր, որ երբ ապրիլի 24-26-ին քաղաքակիրթ աշխարհի երկրների առաջնորդները հանդես էին գալիս Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այդ օրերին հանդիպում էր Թուրքիայի Ազգային Անվտանգության Խորհրդի Գլխավոր Քարտուղարի հետ: Եւ որպես եվրոպական քաղաքակիրթ ու ժողովրդավարական երկրի նախագահ, որտեղ ապրում են հարյուր հազարավոր հայեր ոչ մի ուղերձ չարտասանեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Չորորդ ուղերձը նախագահին այն էր, որ Վրաստանը որպես անկախ, քաղաքակիրթ եւ ժողովրդավարական երկիր, որը հավատարիմ է իր ազգային արժեքներին, չպետք է գնա երրորդ երկրների թելադրանքով եւ ինքը ինքնուրույն որոշի թե որ տոնն կամ հաղթանակն է նշելու իր երկրի տարածքում: Խոսքը 1121թ. օգոստոսի 12-ին տեղի ունեցած Դիդգորի ճակատամարտի մասին է, որում վրաց ժողովուրդը մեծ հաղթանակ էր տարել թուրք զավթիչների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի դեսպանի խնդրանքով օրեր առաջ Վրաստանի խորհրդարանը հետաձգեց քննարկումը Դիդգորիի ճակատամարտի օրը Վրաստանում տոն հռչակելու կապակցությամբ:
Այս չորս ուղերձները Սամցխե-Ջավախքի հայության կողմից Վրաստանի նախագահին անչափ կարեւոր էին, քանզի մի երկիր երբ ձգտում է նմանվել ժողովրդավարական զարգացած երկրներին եւ հանդես է գալիս ժողովրդավարության արժեքների պահպանման ու ամրապնդման տեսանկյունից, պետք է առաջնորդվի նույն ժողովրդավարական երկրների օրինակով: Այսինքն երկքաղաքացիությունը Եվրոմիությունում ընդունված պրակտիկա է էլ չասած տվյալ երկրներում ծնված կամ ընտանիք ու գույք ունեցող քաղաքացիների իրավունքների մասին:
Եվրոմիությունը իր շրջանների տեղացի մասնագետների հաշվին այլ շրջանների քաղաքացիներին գործով չի ապահովում, երբ տվյալ շրջանում կան գրագետ ու կոմպետենտ մասնագետներ ու այդ վայրում համատարած գործազրկություն է:
Եվրոպական բազմաթիվ երկրներում Հայոց Ցեղասպանության փաստը անդրդվելի իրողություն է: Եւ ոչ մի ավտորիտար ռեժիմ ունեցող երկրի դեսպան չի կարող ազդեցություն ունենալ Եվրոպական ոչ մի ժողովրդավարական երկրի խորհրդարանի վրա, ինչ որ օրենքի ընդունման կամ չեղարկման հարցում:
Բարձրացված խնդիրները ժամանակի սղության պատճառով ընդամենը չորսն էին, սակայն եթե լինի քաղաքական կամք նախագահ Մարգվելաշվիլու կողմից դրական ընկալելու բարձրացված խնդիրները, որոնց մի մասը ուղիղ մտնում է իր իրավասությունների մեջ, ապա վստահորեն կարելի է ասել, որ Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարական բարեփոխումների առումով, որտեղ հաշվի են առնում երկրի բոլոր քաղաքացիների օրինական պահանջները: Եւ միայն նման երկրում իմաստ կունենա խոսել սահմանադրական բարեփոխումների շուրջ հայտնելով ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, քանզի նման երկրում հասարակության կարծիքը իրոք մեծ արժեք կունենա եւ չի կրի ձեւական բնույթ:
Միայն նման երկրում հասարակությունը կկանգնի նախագահի կողքին պահանջելով տեղական իշխանության ներկայացուցիչներից հաջորդ անգամ հարգել երկրի նախագահի ինստիտուտը եւ ներկա գտնվել նրա շրջանային այցելությունների ժամանակ, ինչպես դա նրանք անում են այլ երկրներում այլ նախագահների հետ հանդիպելիս ու նկարվելիս:
Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն