Էդգար Արամյանը պարգեւատրեց չեմպիոններին 04.06.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Սպորտ

Էդգար Արամյանը պարգեւատրեց չեմպիոններին
		04.06.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Սպորտ


Հունիսի 3֊ին, Ախալքալաքի մարզական համալիր այցելեց արմատներով Ծալկայից, ռուսաստանաբնակ, «R1» ընկերության գործադիր տնօրեն, բարերար Էդգար Արամյանը։ Նա դրամական պարգեւ հանձնեց մարզական համալիրի Եվրոպայի չեմպիոններին եւ մարզիչ Ատոմ Էլիզբարյանին։

Բարերարը՝ նպատակ ունենալով ակտիվացնել սպորտի զարգացումն ու տարածումը, որպես խրախուսանք 1000 ԱՄՆ դոլարով պարգեւատրեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության չեմպիոն Գոռ Այվազյանին, 5000 ԱՄՆ դոլարով պարգեւատրեց վերջերս Երևանում կայացած տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի մեծահասակների առաջնության չեմպիոն Արտյուշ Գոմցյանին, իսկ 1000 ԱՄՆ դոլարով պարգեւատրեց Արտյուշ Գոմցյանի անձնական մարզիչ, մարզական համալիրի տնօրեն եւ Վրաստանի վաստակավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանին։

Էդգար Արամյանն իր խոսքում նշեց, որ յուրաքանչյու հաղթանակով ինքն էլ է հպարտանում եւ այս քայլը խևախուսանք է, որպեսզի երիտասարդներն ավելի ոգեւորվեն եւ էլ ավելի շատ չեմպիոններ ունենա Ջավախք աշխարհը։ Նա նշեց, որ չի կարող չգնահատել նաև այն մարդու աշխատանքը, ով կանգնած է «կուլիսներում», մարզչի դերը մեծ է չեմպիոններ կերտելու գործում։

Մարզական համալիրի տնօրինությունն իր հերթին շնորհակալություն հայտնեց գործարարին եւ հանձնեց փոքրիկ հուշանվեր՝ գավաթ։

«Ոչ միայն սպորտի բնագավառում, այլ նաև ամենուր պետք է ուղղված լինի մեր ուշադրությունը, երբ կա արդյունք, այն մենք տեսնում ենք, պետք է գնահատենք, որպեսզի էլ ավելի շատանա»,֊ մեզ հետ զրույցում նշեց Էդգար Արամյանը։

Հանդիպմանը ներկա էին նաեւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, մարզիկներ եւ այլ հյուրեր:

Նշենք, որ գործարարը մշտապես աջակցություն է ցուցաբերում Ջավախքի եւ Ծալկայի սպորտային եւ մշակութային գործիչներին։ Իսկ առաջիկայում մշակութասեր հասարակության համար սօասված նախագիծ է իրագործվելու, որի փակագծերը առայժմ չցանկացավ բանալ։