Հայ գերիների վերադարձի հարցը՝ Ալեն Սիմոնյանի և Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հանդիպման օրակարգում 10.06.2022 . Արցախ

Հայ գերիների վերադարձի հարցը՝ Ալեն Սիմոնյանի և Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հանդիպման օրակարգում
		10.06.2022 . Արցախ


Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին:

Կողմերը խոսել են նախորդ հանդիպմանը բարձրաձայնված որոշ հարցերի լուծման ընթացքի մասին: Մասնավորապես, քննարկման առանցքում է եղել ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացումը:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ այն հաջողությամբ է իրագործվում՝ գոհունակությամբ հիշեցնելով, որ նման գնահատական է տվել նաև ԵԽ քարտուղարությունը 2022 թ. մարտի 2-ին Երևանում կայացած ԵԽ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստին:

Կողմերը խոսել են Գործողությունների ծրագրի անհրաժեշտ շարունակականության մասին: Ալեն Սիմոնյանն առանձնացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող համատեղ օրակարգային առաջնահերթությունները՝ բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի առանցքային աջակցությունը՝ իր ինստիտուտներով և մոնիթորինգային մեխանիզմներով:

Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին ԵԽԽՎ բանաձևին, որով Վեհաժողովը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման գործընթացում Հայաստանի առաջընթացը:

Հանդիպման օրակարգային հարցերից են եղել 2020 թ. Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա, չլուծված հումանիտար խնդիրները, այդ թվում՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցը: Ալեն Սիմոնյանն արձանագրել է, որ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ նախորդ հանդիպումից ի վեր մեծ չէ առաջընթացը ռազմագերիների վերադարձի հարցում, և անհագստացնող են միջազգային մասնագիտացված կառույցների կողմից զեկույցները հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների ու այդ մարդկանց հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման մասին:

Նա շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին այս խնդիրներին բազմակի անդրադարձի համար՝ կարևորելով տիկնոջ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:

Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ընդգծել է Մինսկի խմբի համանախագահության նշանակությունը և կարևորությունը: