Թալիշում այս պահին խաղաղ է, շինարարների անվտանգությունն ապահոված է, շինարարը, ինչպես սահմանին կանգնած զինվորը, զգոնությունը չի կորցնում: Tert.am-ի հետ զրույցում նշեց Թալիշի վերակառուցման աշղեկ Արամ Աղաբեկյանը՝ հավելով, որ հակառակորդի կողմից ցանկացած շարժի դեպքում մեր զինված ուժերը համապատասխան արձագանք են տալիս, լռեցնում: Նա մանրամասնեց , որ շինարարական աշխատանքներն այս պահին ընթանում են գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքում:
«Երկու շինարարական օբյեկտներն էլ երկրորդ կիսափուլի ընթացքում են, նախատեսվում է երկու շինությունների աշխատանքներն էլ զուգահեռաբար ավարտել սեպտեմբերին»,-նշեց աշղեկը:
Թալիշի հնաբնակներից Մարտիրոս և Բորիս Վարդանյաններն էլ ընդգծեցին, որ գյուղի անվտանգությունը պահելուն զուգընթաց օգնում են նաև շինարարներին, զբաղվում են նաև գյուղատնտեսական աշխատանքներով:
«Վարունգ են ցանում, լոբի, կարտոշկա, քաղենք, ուտենք, որ չնայենք՝ դրսից բերեն»,-մանրամասնեց բորիս Վարդանյանը:
Մարտիրոս Վարդանյանն էլ ընդգծեց, որ հայրենի Թալիշն իր համար Արցախի ամենալավ անկյուն է, կինը և երկու որդիները Ապրիլյան դեպքերից հետո բնակվում են Հայաստանում՝ Մերձավանում, բայց շինարարական աշխատանքներից հետո կվերադառնան Թալիշ:
«Էս մեր հողն ա պիտի պահենք, մինչև ապրիլի 2-ը չենք պատկերացրել, որ էսպիսի դուխով զինվորներ ունենք, հիմա գիտենք, մեր զինվորներն ամեն ժամի, ամեն րոպեի, պատրաստ են մարտի»,-շեշտեց նա:
Երիտասարդ բժիշկ Կորյուն Եսայանն էլ, թեև տեղի հնաբնակներից չէ, Թալիշում բնակվելն ու աշխատելը պատիվ է համարում, ասում է՝ այստեղ բնակվող տղամարդիկ և սահմանի զինվորներն էլ իրենց գործը պատվով են կատարում:
«Բուժկետը գտնվում է վրանային պայմաններում, շատ կարճ ժամանակ անց կտեղափոխվի շենքային պայմաններ»,-ընդգծեց նա:
Մանրամասները՝տեսանյութում:
https://youtu.be/DMuciLAOUhw