Գանձայում նշվեց Տերյանական տոնը (photo)

Գանձայում նշվեց Տերյանական տոնը (photo)

Այսօր՝ հուլիսի 24֊ին Վահան Տերյանի հայրենի Գանձայում նշվեց 55֊րդ Տերյանական տոնը, որը նախորդ երկու տարիներին համավարակային սահմանափակումներով պայմանավորված չէր նշվել։

Օրվա առթիվ Գանաձայում էին Վրաստանի եւ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, Տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ եւ այլ հյուրեր։

Ավանդույթի համաձայն տոնը մեկնարկեց Սուրբ պատարագով, ինչն համընկավ Տիրոջ Պայծառակերպության տոնի Սուրբ պատարագի հետ, որը մատուցվեց Վահան Տերյանի հոգեւորական պապի կողմից կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցում, այնուհետեւ հյուրերը շրջայց կատարեցին մեծն գրողի տուն֊թանգարանում։

Այս տարվա Տերյանականն առանձնանում էր նրանով, որ հյուրերն այցելեցին Վահան Տերյանի թանգարանի նոր վերանորոգված ցուցասրահ, որը նախաձեռնել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը։ ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը իր խոսքում նշեց, որ առաջիկայում նախատեսում են  նաև վերանորոգել տուն թանգարանի հուշային հատվածը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, նա շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ անմոռաց Տերյանական օր մաղթեց։

ՀՀ ԱԺ պատգամավոր, ծնունդով Գանձացի Շիրակ Թորոսյանը եւս հանդես եկավ ողջույնի խոսքով, նա կարևորեց հայ֊վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, մասնավորապես նշեց պետական լեզվին տիրապետելու կարևորությունը՝ ընդգծելով, որ տեղացի վրացիները ավելի վարժ են տիրապետում հայերենին, իսկ հայերն էլ պետք է վրացերենին լավ տիրապետեն, որպես օրինակ ներկայացրեց Վահան Տերյանի թարգմանությամբ վրաց գրականությունը։ Նրա խոսքով ակտիվ համագործակցում են Վրաստանի Խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանի եւ Սումբատ Կյուրեղյանի հետ եւ արդյունքը նկատելի է արդեն կրթական բնագավառում արված բարեփոխումների մեջ։

Դաշտահանդեսի գեղարվեստական մասն ապահովեցին տեղացի երաժիշտներն ու պարողները։