ԱՄՆ 600 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային 16.09.2022 . Միջազգային

ԱՄՆ 600 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային
		16.09.2022 . Միջազգային


ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է նախագահ Բայդենի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Ուկրաինային:

«Նախագահ Բայդենը հստակ ասել է, որ մենք կաջակցենք Ուկրաինայի ժողովրդին այնքան ժամանակ, որքան կպահանջվի։ Մեր դաշնակիցների և գործընկերների հետ մատակարարում ենք սպառազինություն ու սարքավորումներ, որոնք Ուկրաինայի ուժերն արդյունավետ են օգտագործում, նրանք շարունակում են իրենց հաջող հակահարձակումը Ռուսաստանի ներխուժման դեմ:

Նախագահի լիազորությունների համաձայն՝ ես թույլատրում եմ 2021 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ սպառազինությունների և տեխնիկայի քսանմեկերորդ հատկացումն Ուկրաինային: Այս 600 միլիոն դոլարը ներառում է լրացուցիչ սպառազինություն, զինամթերք և սարքավորումներ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից: Նոր հատկացումն Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության ընդհանուր ծավալը կհասցնի մոտավորապես 15,8 միլիարդ դոլարի:

Հիացմունքի արժանի խիզախությամբ և վճռականությամբ է Ուկրաինայի ժողովուրդը պաշտպանում իր հայրենիքը և պայքարում իր ապագայի համար։ ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնություն է ցուցաբերում ավելի քան 50 երկրի մեր դաշնակիցների ու գործընկերների հետ: Հնարավորությունները, որոնք մենք տրամադրում ենք, մանրակրկիտ ստուգված են, որպեսզի առավելագույնս փոխենք իրավիճակը մարտի դաշտում և ամրապնդենք Ուկրաինայի դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ, երբ դրա ժամանակը գա։

Մենք Ուկրաինայի կողքին ենք»,- հայտարարել է Բլինքենը: