Ալիևը խոստովանել է, որ օկուպացրել է Հայաստանի տարածքը, սպառնացել նաև միջազգային հանրությանը

Ալիևը խոստովանել է, որ օկուպացրել է Հայաստանի տարածքը, սպառնացել նաև միջազգային հանրությանը



Իլհամ Ալիևը հերթական անգամ բացահայտ սպառնացել է Հայաստանին, ինչպես նաև Իրանին, միջազգային հանրությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանք գործադրող կողմերին: Շուշիում ունեցած ելույթի ընթացքում Ալիևը, հերթական անգամ խեղաթյուրելով իրականությունը, հայտարարել է, թե, իբր, Հայաստանը պարտավորվել է «տրամադրել Զանգեզուրի միջանցք և դուրս բերել ամբողջությամբ իր զորքերը Ղարաբաղից, սակայն այդ պարտավորությունները չի կատարել»։
Ադրբեջանի նախագահն անդրադարձ է կատարել նաև հավանական «խաղաղության պայմանագրին»՝ հայտարարելով. «Մենք խաղաղություն ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում: Մեր առաջ քաշած պայմաններն արդարացի են, հիմնված են միջազգային իրավունքի վրա, և խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի այս պայմանների հիման վրա»:
Ալիևը խոսքում հերթական անգամ պատերազմի ակնհայտ սպառնալիք է հնչեցրել Հայաստանի հասցեին. «Եթե Հայաստանը բարի կամք ցուցաբերի, այն կստորագրվի, եթե չցուցաբերի՝ չի ստորագրվի: Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, կյանքը ցույց կտա»։
Իր ելույթում Ալիևը նաև անդրադարձել է Իրանին. «Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և նվիրում: Եթե ​​պետք լինի, էլի ցույց կտանք, մեր ուզածին կհասնենք: Սա բոլորը գիտեն, սա էլ պետք է իմանան նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմաններին՝ ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»,- ասել է նա։
Իր խոսքում Ալիևը նաև անթաքույց նշել է, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը: «Հիմա հայերը տեսնում են` ինչ է օկուպացիան և կորուստները։ Սա արվում է նաև, որպեսզի Հայաստանը կատարի իր միջազգային պարտավորությունները։ Պարտված երկիրը չի կարող իրեն այսպես պահել, ուստի մեր բոլոր քայլերն արդարացված են»,- ասել է Ալիևը:
Հայաստան այցելող միջազգային գործընկերներին և պետությունների ներկայացուցիչներին հարևան երկրի ղեկավարն անվանել է արտերկրից ուղարկված, վարժեցված տարր և սպառնացել, որ Ադրբեջանի ցանկություններով շարժվելուն դեմ դուրս եկած որևէ մեկը, իր բնորոշմամբ, նորից կտեսնի Բաքվի բռունցքը:
Ալիևը հայ-ադրբեջանական հարաբերությունները կրկին վերածել է կրոնական կոնֆլիկտի՝ կոչ անելով մուսուլմանական երկրներին՝ զերծ մնալ Հայաստանի հետ հարաբերություններից։

Իլհամ Ալիևը նաև բացահայտ ակնարկել է, որ մտադիր է խոչընդոտել ՌԴ խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգմանը: «Ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավոր են տեղակայվել, 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նրանց ժամկետը նշված է»,- ասել է նա։