Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա ԼՂ պաշտպանության բանակ. Նիկոլ Փաշինյան 10.11.2022 . Արցախ

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա ԼՂ պաշտպանության բանակ. Նիկոլ Փաշինյան
		10.11.2022 . Արցախ


ՀՀ կառավարության նիստի ընթացքում իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ:

«Նախ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը ես արել եմ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում:

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով:

Ընդ որում՝ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով. Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք ԼՂ-ն կարող է և չունենալ: Այդ առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ»,- ասաց Փաշինյանը: