Ռուսաստանի քաղաքացի Միխայիլ Ալեքսանդրովի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հայտնել են այդ հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Դեկտեմբերի 13-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը լայն լսարանի համար հանդես է եկել աուդիոուղերձով: Ալեքսանդրովն ակնարկել է, թե Բաքվին պետք է հասկացնել, որ Ղարաբաղի համար պատասխանը կհասնի Բաքու:
Դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել Միխայիլ Ալեքսանդրովի դեմ՝ 101.2-րդ հոդվածներով (ԶԼՄ-ների միջոցով ագրեսիվ պատերազմ սանձազերծելու բաց կոչեր): «Փորձելով խաթարել Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները՝ նա բացահայտ կոչ է արել «հրթիռներով կրակել և ամբողջությամբ ոչնչացնել Ադրբեջանի ողջ նավթարդյունաբերությունն ու էներգետիկ համակարգը»,- նշվում Է հաղորդագրության մեջ։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Միխայիլ Ալեքսանդրովը հեռացվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտից: Ուսումնական հաստատության ռեկտորատը նշել է, որ «Ալեքսանդրովն արել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերություններին վնաս հասցնող հայտարարություններ, կոպտորեն խեղաթյուրելով հարևան բարեկամ պետության նկատմամբ ռուսական քաղաքականության նպատակներն ու խնդիրները։ Ինչպես նաև լուրջ վնաս է հասցրել համալսարանի հեղինակությանը: Հետևաբար ռեկտորը հրաման է ստորագրել Միխայիլ Ալեքսանդրովի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու և նրան համալսարանից ազատելու մասին»: