ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:
«Մի շարք ուղղություններով են աշխատանքներ իրականացվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների գործառույթների կատարման ուղղությամբ: Իհարկե, պահանջներ կան նաև ռուս խաղաղապահներից, որպեսզի իրենց առջև դրված խնդիրները լուծեն, բայց միաժամանակ հարց է առաջանում՝ արդյոք կարողանո՞ւմ են լուծել այդ խնդիրները: Կարծում եմ, որ ռուս խաղաղապահներն ի զորու են լուծել այդ խնդիրները, ուղղակի ժամանակի հարց է, և ամեն ինչ արվում է, որ էսկալացիոն պրոցեսներ չլինեն, այս պրոցեսները որոշակի ժամանակահատված են պահանջում:
Կարծում եմ, որ նրանք որոշակի խնդիրներ ունեն, Ադրբեջանի և մի շարք երկրների ճնշման տակ են: Բայց վստահություն ունեմ, որ ռուս խաղաղապահներն իրենց առջև դրված խնդիրները պետք է լուծեն:
Լաչինի միջանցքը պետք է բացվի և բացվելու է առանց նախապայմանների»,- ասաց Խաչատրյանը:
Պատասխանելով խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին՝ Խաչատրյանը նշեց, որ հաշվի առնելով լարված իրավիճակը և Ադրբեջանի հռետորաբանությունը, իր կարծիքով այս տարի որևէ փաստաթուղթ չի ստորագրվի: