Այսօր՝ սեպտեմբերի 15-ինՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների։ Վարչապետը ողջունել է դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին Երևանում և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է նշված պետությունների հետ համագործակցության շարունակական զարգացումը, կապերի խորացումն ու ընդլայնումը: Այս մասին հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստան այցի ընթացքում նրանք հնարավորություն կունենան առավել մանրամասն ծանոթանալ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցող զարգացումներին:
Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության քայլերն ուղղված են երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի առաջ բոլորի հավասարության ապահովմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, կառավարման համակարգի բարելավմանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն իսկ կարճ ժամանակահատվածում կառավարությունը լուրջ արդյունքների է հասել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարում, գործարար միջավայրի բարելավման ոլորտում և հավելել, որ բարեփոխումներ են իրականացվում Հարկային օրենսգրքում, որոնք կխթանեն նոր ներդրումային ծրագրերի իրականացումն ու կնպաստեն բիզնեսի հաջող ու արդյունավետ իրականացմանը:
Այնուհետև, ՀՀ վարչապետը պատասխանել է դեսպանների մի շարք հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Հայաստան-Վրաստան, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, վերջինիս հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացմանն ու դրանով նախատեսված առաջնահերթություններին, տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, զբոսաշրջության զարգացմանը և այլ թեմաների:
Ավելի վաղ Վրաստանում հավատարմագրված դեսպաններն այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին, շրջայց կատարել թանգարանում և գրառում կատարել հուշամատյանում։ Այնուհետեւ դեսպանները այցելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ հանդիպում էին ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ և ստացան վեհափառի օրհնությունը։
Կաթողիկոսը բարձր էր գնահատել այսօրինակ նախաձեռնությունը և դեսպաններին որոշ դրվագներ ներկայացրել Հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու պատմությունից։Դեսպանները շրջայց էին կատարեցին նաև Մայր Աթոռի գանձարանում։