Stratfor վերլուծական կենտրոնն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինում ապօրինի անցակետի տեղադրմանը: «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ապրիլի 23-ին անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, որը Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհն է, և որի մասին հաղորդել է Eurasianet-ը: Շատ արևմտյան կառավարություններ և քաղաքական գործիչներ դատապարտեցին այդ քայլը և կոչ արեցին դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին»:
Կենտրոնի մասնագետները նշել են, որ ճանապարհը շրջափակված է 2022 թվականի դեկտեմբերից, սակայն անցակետի ստեղծումը ցույց է տալիս Բաքվի հստակ մտադրությունը՝ խստորեն կարգավորելու հետագա ամբողջ երթևեկությունը դեպի Լեռնային Ղարաբաղ:
«Իրադրության նման զարգացումը կարող է խաթարել 2020 թվականի հայտարարությունը, քանի որ Լաչինի ճանապարհը պետք է գտնվեր Ռուսաստանի խաղաղապահների «հսկողության տակ», իսկ Բաքուն համաձայնել էր «երաշխավորել» դրա երկայնքով երթևեկությունը երկու ուղղություններով։ Անցակետին Արևմուտքի իմաստալից պատասխանի բացակայությունը կարող է քաջալերել Բաքվին շարունակելու հրադադարի ռեժիմի կանոնավոր բռնի խախտումները: Բացի այդ, ադրբեջանական անցակետը գտնվում է հենց ռուս խաղաղապահների բազայի կողքին, որոնք պետք է ճանապարհը բաց պահեն: Իսկ դա ավելի է խարխլում Ռուսաստանի և նրա խաղաղապահ զորակազմի նկատմամբ վստահությունը՝ պահպանելու 2020 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը»,- ասված է զեկույցում։
Ըստ աղբյուրի՝ ապրիլի 25-ին գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը դարձել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար՝ փոխարինելով գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի հունվարից։ Փետրվարի 28-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ «այնտեղ (Լաչինի միջանցքում) որևէ հսկիչ-անցագրային կետի տեղադրում նախատեսված չէ»: