Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին մայիսի սկզբին Խերսոնի մերձակայքում գտնվող Պոսադ-Պոկրովսկոյե գյուղի մոտակայքում գտնվող հրամանատարական կետի վրա Ռուսաստանի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով ստացել է գլխի վնասվածք և բազմաթիվ բեկորային վնասվածքներ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը գանգուղեղային վիրահատության է ենթարկվել, նա չի կարողանա շարունակել ծառայությունը։
Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովն ավելի ուշ հերքել է Զալուժնիի՝ ծանր վիրավորվելու մասին լուրը և թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ Վալերի Զալուժնին մայիսի 24-ին գլխավոր շտաբի այլ ներկայացուցիչների հետ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինն էլ հայտնել է, որ Բախմուտի համար մղվող մարտերում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 50 հազար զինծառայող, վիրավորվել է ևս 50-70 հազար ուկրաինացի զինվոր։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ «Վագները» կորցրել է մոտ 20 հազար մարդ։
Մայիսի 20-ին ռուսական կողմը հայտարարեց Բախմուտի ամբողջական գրավման մասին։ Քաղաքի համար պայքարը շարունակվել է 224 օր։