Ախալքալաքի հոգեւոր հովիվ Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը վերջնականապես տեղափոխվեց ծառայության Թբիլիսի: Ինչպես նշվում է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո հաղորդագրության մեջ Տեր Տաթև քահանան ընտանեկան հանգամանքներից ելնելով ծառայության է տեղափոխվել է Թբիլիսի և նշանակվում է Սուրբ Էջմիածին եկեղեցի՝ հոգևոր հովվի օգնական և Հայարտան հոգևոր տեսուչ։ Տեր Տաթեւին Ախալքալաքում և հարակից համայնքներում կփոխարինի նորաօծ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։
Դեռեւս հոկտեմբերի սկիզբ Տեր Տաթև քահանայի տեղափոխության հետ կային հակասական տեղեկություններ: Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան այն ժամանակ վստահեցնում էր, որ տեր Տաթեւի տեղափոխությունը կրում է ժամանակավոր բնույթ մինչեւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից նոր քահանայի նշանակում լինի: Սակայն երեկ Ախալքալաքում տեղի ունեցած քահանաների ժողովի ընթացքում պարզ դարձավ, որ Տեր Տաթեւ Մարուքյանը այլեւս չի վերադառնա ծառայության Ախալքալաք եւ իր ծառայությունը կշարունակի Թբիլիսիյում:
Այս առիթով Akhaltskha.Net-ը կապ հաստատեց Տեր Տաթեւ քահանայի հետ: Տեր հոր խոսքերով սրբազան հայրը իրեն է տվել ընտրության իրավունք եւ նա է որոշել թե որտեղ է շարունակելու իր ծառայությունը: Նրա խոսքերով ինքը ընտանեկան խնդիրների պատճառներով որոշել է իր ծառայությունը շարունակել Թբիլիսիում:
«Իմ տեղափոխությունը Թբիլիսի ծառայության ժամանակավոր բնույթ էր կրում մինչեւ նոր հոգեւորական նշանակվեր Վիրահայոց թեմում: Հիմա երբ նշանակությունը տեղի ունեցավ սրբազան հայրը ինձ տվեց ընտրության իրավունք մնալ Թբիլիսիում ծառայության կամ վերադառնալ Ախալքալաք: Ելնելով ընտանեկան խնդիրներից եւ առողջական հանգամանքներից որոշեցի ծառայությունս շարունակել Թբիլիսիում»,-ասում է Տեր Տաթեւ քահանան:
Տեր հայրը նաեւ ավելացրեց, որ վերջին շրջանում առիթ է ունեցել ավելի խորքից ծանոթանալու Թիֆլիսի հայության խնդիրներին եւ գտնում է, որ այնտեղ եւս շատ անելիք կա ու այդ առումով ակտիվ աշխատանք է տանելու այնտեղի երիտասարդության հետ: