Շվեդահայ պատգամավոր Արին Կարապետն այցելել է Լաչինի միջանցք, արձանագրել՝ իրավիճակը սուր է

Շվեդահայ պատգամավոր Արին Կարապետն այցելել է Լաչինի միջանցք, արձանագրել՝ իրավիճակը սուր է

Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետն այցելել է Լաչինի միջանցք:
«Այսօր այցելել եմ Լաչինի միջանցք: Իրավիճակը լուրջ է: 400 տոննա հումանիտար սննդամթերք, դեղորայք և այլ մատակարարումներ 4 օր է՝ կանգնած են Ադրբեջանի ապօրինի շրջափակման պատճառով: Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներ, որոնք սպասում են այդ օգնությանը, սովի և առողջության վատթարացման վտանգի տակ են»,- Facebook-ի իր էջում գրել է Կարապետը։
Նա տեղեկացրել է նաև, որ Կարմիր խաչի մեքենաները շարժվել են դեպի Լեռնային Ղարաբաղ՝ ծանր հիվանդ մարդկանց բուժման նպատակով Հայաստան տեղափոխելու համար:
«Դեպքի վայրից հեռանալուց հետո տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները առևանգել են ծանր հիվանդ 68-ամյա տղամարդու, ինչը Կարմիր խաչին խանգարել է կատարել նրան օգնություն ցուցաբերելու իր առաքելությունը:
Իրավիճակը սուր է, և շտապ անհրաժեշտ են միջազգային ջանքեր ինչպես օգնության, այնպես էլ քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը վերականգնելու համար: Մենք պետք է անհապաղ գործենք, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչությանը, և նրանք ստանան այն հոգատարությունն ու աջակցությունը, որն այդքան անհրաժեշտ է նրանց գոյատևելու և իրենց կյանքը վերականգնելու համար»,- գրել է Կարապետը: