Սույն թվականի Ապրիլի 20-ին Հայ Առաքելական և Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում է Ավագ Շաբաթը։ Սա Տիրոջ Հարության նախորդող օրն է երբ մատուցվում է Ճրագալույց Սբ․ Պատարագ Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում։
Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է սուրբ Պատարագ: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ սուրբ Ծննդյան և սուրբ Հարության նախատոնակներին, որովհետև այս տոների նավակատիքները մեր բնության նորոգման ու փրկության հիշատակներն են:
Ախալցխայի Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նույնպես մատուցվեց Ճրագալույց Սբ․ Պատարագ։ Պատարագիչ՝ Ախալցխայի և Բորժոմիի շրջանների Հոգևոր Տեսուչ Հակոբ աբեղա Սաահակյանը հավատացյալներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի Պատգամը Փրկչի Սբ․ Հարության տոնի առթիվ։ Սբ Պատարագի ավարտին հավատացյալները իջեցված աշտանակի մոմից վառեցին իրենց մոմերն և Փրկչի օրհնությունն ստացած վերադարձան տներ, տանելով Տիրոջ Հարության Սբ․ Լույսը։
Քրիստոս Հարյավ ի Մեռելոց Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։