ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո ազդեցիկ սենատորները հորդորում են նույն բանաձևն ընդունել նաև Սենատում, գրում է tert.am-ը հղում անելով asbarez.com-ին:
Սենատի Ազգային փոքրամասնությունների ղեկավար Չաք Շումերը չորեքշաբթի կոչ է արել Սենատում քննարկել և ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
«Ես վաղուց եմ հավատում, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Թուրքերը չեն ցանկանում դա լսել, քանի որ ճշմարտությունը ծանր է լսել: Եթե մենք դեմ չկանգնենք մի ցեղասպանությանը, մենք չենք կարող դիմագրավել ոչ մեկին»,- ասել է Շումերը լրագրողներին:
Մասաչուսեթսից դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը Twitter-յան իր էջում գրել է. «Միանում եմ Ամերիկայի և ողջ Սփյուռքի հայկական համայնքին և նրանց հետ տոնում եմ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը: Ես հովանավորել եմ 150-րդ բանաձևի ներկայացումը Սենատ: Սենատը պետք է ընդունի այն»:
Մերիլենդից սենատոր Քրիս Վան Հոլլենը նույնպես կոչ է արել ընդունել 150-րդ բանաձևը՝ ասելով. «Ներկայացուցիչների պալատի երեկ գիշերվա մեծ քվեարկությունը երկար սպասված էր: Ժամանակն է, որ Սենատը նույնն անի: Ընդունելով պատմական փաստերը՝ այն չկրկնելու կարևոր քայլ է հանդիսանում»:
150-րդ բանաձևը 20 հովանավոր ունի: Շումերից ու Վան Հոլլենից բացի՝ բանաձևի հովանավորների թվում են սենատորներ Թամմի Դաքուորթը, Դայան Ֆայնսթայնը, Քորի Գարդները, Էդվարդ Մարքին, Գարի Փիթերզը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։