Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության մասին հարցին:
«Հայաստանի վարչապետի հայտարարության կապակցությամբ ուզում եմ ընդգծել, որ մեր երկրները մնում են դաշնակիցներ։ Հայ ժողովրդի շահերն անբաժանելի են Ռուսաստանի հետ բարիդրացիական կապերից, և մենք հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը հաշվի կառնի դա և ճիշտ ընտրություն կկատարի ներկայիս աշխարհաքաղաքական վերափոխումների ֆոնին։
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունն ունեն հուսալի երկկողմ իրավական դաշտ՝ անվտանգության ոլորտում և ռազմատեխնիկական համագործակցության առումով։ Օրինակներ բերեմ, թե ինչի մասին է խոսքը՝ 1997 թվականի «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը», 1995 թվականի Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի, 2015 թվականի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին միջպետական համաձայնագրերը, 2000 թվականի հակաօդային պաշտպանության համատեղ մարտական հերթապահության համաձայնագիրը, և երկու երկրները միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն, այդ թվում՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության պաշտպանությունը։ Երևանը նաև ՀԱՊԿ-ի հավաքական երաշխիքների ներքո է՝ հնարավոր ագրեսիայի դեպքում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամրապնդումը զարգացնելու նպատակով 2016 թվականին Ռուսաստանը և Հայաստանը համաձայնագիր են ստորագրել զորքերի միացյալ խմբավորման մասին, որը նախատեսված է ապահովելու կողմերի անվտանգությունը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում, և այդ իմաստով վերադարձը ՀԱՊԿ-ի շրջանակներում ակտիվ փոխգործակցությանը առաջին հերթին բխում է հենց Հայաստանի շահերից:
Երևանն իր տրամադրության տակ ունի կազմակերպչական լայն հնարավորություններ, երկար տարիների փորձի վրա հիմնված ներուժ։ Մենք համոզված ենք, որ, ի տարբերություն Եվրամիության կեղծ դիտորդական առաքելությունների, ՀԱՊԿ-ն ունակ է կայունացնող դեր խաղալ Հարավային Կովկասում»։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին