Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է իրավիճակի սրմանը հայ-ադրբեջանական սահմանին։
«Խոսքը Հայաստանի Սյունիքի մարզի և Ադրբեջանի Զանգելանի շրջանի սահմանի մասին է։ Փետրվարի 12-ին և 13-ին մի շարք զինված միջադեպեր են տեղի ունեցել Ներքին Հանդ գյուղի մոտ, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Մենք վճռականորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել ապաէսկալացիայի համար, ինչը հղի է իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Զախարովան:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է, որ անհրաժեշտ է շուտափույթ վերադառնալ 2020-2022 թվականներին Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը:
«Մենք համոզված ենք, որ տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովների շրջանակներում, մենք պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- ասել է Զախարովան։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին