Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Բրյուսել կատարած այցից հետո նա նախատեսում է այցելել հարեւան երկրներ։
Մասնավորապես, Իրակլի Կոբախիձեի այցն Ադրբեջան նախատեսված է մարտի 16-ին, իսկ վարչապետը Հայաստան կժամանի հաջորդ շաբաթ։
Ինչպես լրագրողներին նշեց վարչապետը, հարեւան երկրներ այցերի հարցերից մեկը լինելու է տարածաշրջանում խաղաղության պահպանումը, որում Վրաստանը միշտ էլ կարևոր դեր է ունեցել։
«Հարեւան երկրների հետ հարաբերությունների խորացումը հիմնական առաջնահերթություններից է։ Ուստի պատահական չէ, որ Բրյուսել այցելելուց հետո ես կայցելեմ հարեւան երկրներ։ Մենք շաբաթ օրը այցելում ենք Ադրբեջան, մեկ շաբաթից՝ Հայաստան։ Մենք կանդրադառնանք բոլոր կարևոր հարցերին։ Այդպիսին է տարածաշրջանում խաղաղության պահպանումը, որում, ինչպես գիտեք, Վրաստանը միշտ էլ կարևոր դեր է ունեցել։ Մենք ամեն ինչ կանենք երկկողմ հարաբերությունները խորացնելու համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։