ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հարցում հստակությունը ձեռնտու կլինի կազմակերպության բոլոր մասնակիցներին. Տասմագամբետով

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հարցում հստակությունը ձեռնտու կլինի կազմակերպության բոլոր մասնակիցներին. Տասմագամբետով



ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալիա Տասմագամբետովն անդրադարձել է կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածությանը:  
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության կասեցման մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել, թեև Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին»,- նշել է պաշտոնյան, հավելել՝ կազմակերպությունը հարգում է ինքնիշխան պետության ցանկացած որոշում:
Տասմագամբետովի խոսքով՝ այդ հարցում հստակությունը ձեռնտու կլինի կազմակերպության բոլոր մասնակիցներին: Նա նշել է, որ անդամակցության «սառեցում» հասկացությունն արտացոլված չէ կազմակերպության փաստաթղթերում: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նախկին ծավալով Հայաստանի ներգրավվածությունը վերականգնելու որոշումը կախված է Հայաստանի ղեկավարությունից:
Պաշտոնյան նաև նշել է, որ վերլուծաբանները Հարավային Կովկասում իրավիճակի սրման միտում են նկատում։ «ՀԱՊԿ քարտուղարությունն իր հերթին միշտ պատրաստ է լուծել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրները՝ կազմակերպության նպատակներին, ստորագրված փաստաթղթերին և հնչեցված նախաձեռնություններին համապատասխան, ինչի մասին բազմիցս հայտարարվել է»,- ասել է նա:
Տասմագամբետովը նաև հայտարարել է, թե երկրների լայն շրջանակ հետաքրքրություն է ցուցաբերում Եվրասիական հավաքական անվտանգության համակարգի նկատմամբ: