Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը «բացարձակ հորինվածք» է անվանել Իսրայելի հետ արտահանման և ներմուծման արգելքի բացառությունների մասին իսրայելական լրատվամիջոցների տեղեկությունները։ X սոցիալական ցանցում Բոլաթը գրել է, որ հրապարակված հայտարարությունները «լիովին մտացածին են և իրականության հետ կապ չունեն»։
Նա հավելել է, որ արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածում մշտական հրադադար չի հաստատվել, և ապահովված չէ մարդասիրական օգնության մշտական հոսքը։
Հինգշաբթի ավելի վաղ իսրայելական Globes լրատվական պորտալը, հղում անելով իսրայելցի և թուրք պաշտոնյաներին, հայտնել էր, որ Անկարան Իսրայել ներմուծման և արտահանման արգելքի ցանկից բացառել է շինանյութերի կատեգորիայի մի շարք ապրանքներ:
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։ Նա ասել էր, որ իր որոշումը թելադրված է Գազայում ռազմական գործողության ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցուցաբերած «դաժանությամբ»։
Globes լրատվական պորտալը նաև հայտնել է, որ որ Իսրայելի էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարությունները սկսել են աշխատել երկարաժամկետ հեռանկարում թուրքական ներմուծումից Իսրայելի կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
«Միջոցառումներ են մշակվում հունական և կիպրական մատակարարների հետ կապերն ամրապնդելու համար»,- ասել են պարբերականի աղբյուրները։