Էրդողանը Նեթանյահուին արնախում և հոգեկան անհավասարակշիռ է անվանել 29.05.2024 . Միջազգային

Էրդողանը Նեթանյահուին արնախում և հոգեկան անհավասարակշիռ է անվանել
		29.05.2024 . Միջազգային


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ կոշտ է արձագանքել Իսրայելի վերջին գործողություններին։ «Աշխարհը դիտում է հոգեբուժական խնդիրներ ունեցող, Նեթանյահու կոչվող արնախումի բարբարոսությունը»,- հայտարարել է նա՝ Անկարայում իր կուսակցության խորհրդարանական խմբի հանդիպման ժամանակ ունեցած ելույթում: Էրդողանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները նույնպես պատասխանատու են Գազայի «ցեղասպանության» համար, քանի որ «լուռ են, երբ Իսրայելը սպանում է Գազայում, սպանել է արժեքները Եվրոպայում»։

Էրդողանը քննադատել է նաև Միավորված ազգերի կազմակերպությանը, հայտարարելով, որ «ՄԱԿ-ը չի կարողանում պաշտպանել նույնիսկ սեփական անձնակազմին, առավել ևս՝ դադարեցնել ցեղասպանությունը»: 

Չնայած Ռաֆահում գործողությունները դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին և Թուրքիայի նախագահի կոշտ հայտարարություններին, Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ ռազմական գործողությունները Գազայի հատվածում կշարունակվեն, կտևեն առնվազն 7 ամիս և կավարտվեն Իսրայելի  հաղթանակով: Ցախի Հանեգբին նշել է, որ գլխավոր նպատակը ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքների ամբողջական ոչնչացումն է։

«Մենք պետք է ապահովենք, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չսպառնա մեր երկրին ու տարածաշրջանին»,- ասել է անվտանգության խորհրդի ղեկավարը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին