Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և փոխնախագահ, Վրաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի գրասենյակը։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը և խորհրդարանական կապերի ամրապնդումը, այդ թվում՝ երկկողմ և տարածաշրջանային խորհրդարանական նոր ձևաչափերի ստեղծման հնարավորությունները։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և տիրող իրավիճակը, ընդգծվել է Անակլիա նավահանգստի և Սև ծովի սուզանավային մալուխային նախագծերի նշանակությունը տարածաշրջանի զարգացման գործընթացում։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացին և Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկային։ Նիկոլոզ Սամխարաձեն խորհրդարանի նախագահին տեղեկացրել է օկուպացված շրջաններում ստեղծված ծանր իրավիճակի, երկրում առկա գործընթացների, նախատեսվող խորհրդարանական ընտրությունների և երկրի տնտեսական զարգացման ցուցանիշների մասին։
«Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք երկու երկրների միջեւ առկա բոլոր կարեւոր խնդիրները։ Ես ընդգծեցի, որ Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նաև օգնել Հայաստանին Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին և կիսել ձեռք բերված փորձը»,- ասաց Նիկոլոզ Սամխարաձեն։
Պաշտոնական այցով Երևանում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները։ Պատվիրակությունը գլխավորում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Պատվիրակության կազմում են՝ Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարիամ Լաշխին, Մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Իրակլի Մեզուրնիշվիլին և Շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խատիա Ծիլոսանին։