Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված հեռագրում ասված է.
«Ձերդ Վսեմություն,
Ցնցված եմ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքից, որի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ:
Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից ցավակցում եմ Ձեզ ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և համբերություն:
Շուտափույթ կազդուրում եմ ցանկանում բոլոր վիրավորներին»:
Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Մեծ ցավով տեղեկացա ԻԻՀ Խորասան նահանգում տեղի ունեցած ողբերգական պայթյունի և բազմաթիվ անձանց զոհվելու մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ և պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում է այս ցավը բարեկամ Իրանի հետ»:
Հիշեցնենք՝ հանքում գազի պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով 21։00-ին։ Կան զոհեր և վիրավորներ։