Արևմուտքը ցանկանում է լինել միասնական և ամուր իր դիրքորոշումներում, իսկ Ռուսաստանի Դաշնությունը պետք է տեսնի, որ նահանջ կամ վերանայում չի լինի արդեն իսկ ընդունված որոշումներում։ Սա ներառում է 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը, որտեղ շատ հստակ ասվում է, որ Վրաստանը և Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Palitranews հեռուստաալիքի տված հարցազրույցում։
Դավիթ Զալկալիանիի խոսքով, Ռուսաստանի Դաշնության հրապարակած փաստաթուղթը վերաբերում էր Վրաստանին, ՆԱՏՕ-ի չընդլայնմանը և բաց դռների քաղաքականության անընդունելիությանը, ուստի իր ռազմավարական գործընկերների դիրքորոշումն այս հարցում շատ կարևոր էր Վրաստանի համար։
Ինչպես պարզաբանել է նախարարը մոդերատորի համապատասխան հարցին ի պատասխան, ՆԱՏՕ-ի դիրքորոշումները բաց դռների քաղաքականության վերաբերյալ չեն վերանայվի, ինչպես նաև դրանք չեն օգտագործվի որպես առևտրի լծակ «Ռուսաստանի միջամտությունն Ուկրաինայում կանխելու համար»։
«Բոլոր 30 երկրները միաձայն ասում են, որ անդամակցության վերաբերյալ ոչ մի որոշում չի վերանայվելու, նահանջ չի լինելու, կան կարմիր գծեր։ Բոլոր երկրներն ունեն դաշինք ընտրելու ինքնիշխան իրավունք՝ ապահովելու իրենց անվտանգությունը, և սա այն սահմանումն է, որը ստորագրել է ինքը՝ Ռուսաստանը»,- ասել է Դավիթ Զալկալիանին։
ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակը շատ ծանր է, և Արևմուտքի և Ռուսաստանի միջև իրադարձությունների նման սրացում վերջին տասնամյակում չի եղել։