2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ընդգծեց՝ այս առումով 2024-ին ևս քայլեր արվել են:
«Գիտեք, որ մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք, ըստ էության, կիսապաշտոնական կերպով ողջունվել են նաև: Սա ասում եմ՝ ցույց տալու, որ այստեղ որոշակի դրական մթնոլորտ կա, և մենք կշարունակենք առաջիկայում աշխատանքներն ադրբեջանական կողմի հետ` ապաշրջափակման հարցում գալու ընդհանուր համաձայնության»,- ասաց ԱԳ նախարարը:
Նա հիշեցրեց՝ հայկական կողմի սկզբունքներն այս առումով հետևյալն են. բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն, պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո ու գործեն այն երկրների օրենսդրությանը համապատասխան, որոնց տարածքով անցնում են։
«Ամեն ինչ պետք է արվի փոխադարձության ու հավասարության սկզբունքի հիման վրա»,- ընդգծեց Միրզոյանը՝ հիշեցնելով, որ այս սկզբունքներն արտացոլված են ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում:
««Խաղաղության խաչմերուկն» է այն տեսլականը, որի մեջ մենք նաև տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը»,- հայտնեց նախարարը: