Ֆիցոն Կրեմլում Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի և գազի տարանցման հարցերը

Ֆիցոն Կրեմլում Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի և գազի տարանցման հարցերը


Այսօր Կրեմլում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ առ դեմ հանդիպումը: Կողմերը քննարկել են երկու երկրի հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները։ Սակայն Ֆիցոյի այցի հիմնական նպատակը Վոլոդիմիր Զելենսկու՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարացնելուց հրաժարվելու մասին հայտարարությունն է:

«Այդ որոշումը ֆինանսական վնաս է հասցնում Սլովակիային և վտանգում էլեկտրաէներգիայի արտադրությունը երկրի ատոմակայաններում, ինչն անընդունելի է»,- ընդգծել է Ֆիցոն։

Պուտինի հետ հանդիպումից հետո Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ շարունակել գազի մատակարարումը Արևմուտք և Սլովակիա, ինչը, սակայն, 2025 թվականի հունվարի 1-ից հետո գործնականում անհնար է՝ հաշվի առնելով Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը։

2023 թվականի հոկտեմբերին իշխանության գալուց հետո Ֆիցոն հայտարարել է Ուկրաինային սլովակյան ռազմական օգնության դադարեցման մասին։