Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։ Վերջինս նշել է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները և շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ։
Ընդգծելով էներգետիկ ոլորտում Եվրամիության և Ադրբեջանի միջև հաջող և արդյունավետ համագործակցությունը՝ եվրոպացի դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:
Ալիևն ընդգծել է, որ գազամատակարարման աշխարհագրական ծածկույթի առումով Ադրբեջանը Եվրոպա գազի մատակարարների շարքում առաջին երկրներից է։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ապահովման շուրջ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում և երկկողմ քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում Կայա Կալլասը նշել է, որ Եվրամիությունն ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի իրականացմանը։
«Մենք դրական քննարկումներ ունեցանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ: Ողջունում ենք խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Հուսով եմ հաջորդ քայլերն ավելի արդյունավետ կլինեն»,- նշել է Կալլասը։
Բայրամովը նշել է, թե Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը համապատասխան քայլեր կձեռնարկի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ ենթադրյալ տարածքային պահանջները վերացնելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ուղղությամբ: Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ Կայա Կալլասին մանրամասն բացատրել է Հայաստանից Ադրբեջանի ակնկալիքները։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։