Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին պարգևատրել է «Հոգեներգործուն նյութերի օգտագործման վնասը և դրա այլընտրանքը՝ առողջ ապրելակերպ» թեմայով էսսեների մրցույթի հաղթողներին։
Մրցույթը կազմակերպվել էր Ախալցխայի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և սպորտի բաժնի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով երիտասարդների շրջանում բարձրացնել առողջ ապրելակերպի կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը, խրախուսել ստեղծագործական մտածողությունն ու հասարակական պատասխանատվությունը։
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին Ախալցխայի մունիցիպալիտետում բնակվող 12–17 տարեկան պատանիները և երիտասարդները, որոնք իրենց հեղինակային աշխատանքները ներկայացրել էին հունիսի 8-ից 20-ը։
Ժյուրիի գնահատման արդյունքում ընտրվել են լավագույն երեք աշխատանքները։ Առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերին արժանացած Լուկա Տաբատաձեն, Սալոմե Կապանաձեն և Նիկա Գաչեչիլաձեն քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են դրամական մրցանակներով։
Պարգևատրման արարողությանը ներկա էին նաև Ախալցխայի Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, պետական հանձնակատարի վարչակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների ակտիվ ներգրավվածությանը, առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը և ստեղծագործական ներուժի բացահայտմանը։
