Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը տեղում ծանոթացել են Մուրջախեթ գյուղում իրականացվող ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։
Իրականացվող նախագծի շրջանակում վերանորոգվում է ճանապարհի շուրջ 4 կիլոմետր երկարությամբ հատվածը, ինչը զգալիորեն կբարելավի բնակիչների տեղաշարժի պայմանները, կբարձրացնի տրանսպորտային հասանելիությունը և կապահովի առավել անվտանգ ու հարմարավետ երթևեկություն։
Նշվել է, որ ճանապարհաշինական այս նախագիծը կարևոր նշանակություն ունի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային զարգացման համար՝ նպաստելով բնակչության համար կենսական նշանակության ծառայությունների հասանելիության բարձրացմանը, համայնքների միջև կապի ամրապնդմանը և կյանքի որակի բարելավմանը։
Ենթակառուցվածքային նախագիծը ֆինանսավորվում է Տարածաշրջաններում իրականացվող նախագծերի հիմնադրամի միջոցներով, իսկ դրա ընդհանուր արժեքը կազմում է 2 732 777 լարի։
