Հուլիսի 16-ին Թբիլիսիի «Courtyard by Marriott» հյուրանոցում, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում, որը նվիրված էր Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական հանքային ջրերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման հնարավորություններին, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու գործարար կապերի զարգացմանը։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի խոշորագույն մեծածախ և մանրածախ առևտրային ցանցերի՝ «Ori Nabiji», «Carrefour», «Agrohub», «Ambari», «Armenia», «Daily Group», «Goodwill», «Nikora», «Smart Retail», «Viva» և «Zgapari» ընկերությունների վաճառքի և ներմուծման ուղղությունների ղեկավարները, ինչպես նաև Վրաստանի «Մանրածախ առևտրի ասոցիացիայի» գործադիր տնօրեն Սոփիո Քաշակաշվիլին։
Բացման խոսքով հանդես եկավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, որը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ մասնագիտական հարթակ՝ ներկայացնելու համագործակցության առկա հնարավորությունները, խթանելու երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացումն ու նպաստելու նոր գործարար գործընկերությունների ձևավորմանը։
Հանդիպման ընթացքում սահիկաշարի միջոցով ներկայացվել են Հայաստանի արտահանող և արտադրող ընկերությունների առաջարկները, արտահանման համար պատրաստ արտադրատեսակների ցանկը, ինչպես նաև հայկական լոգիստիկ ընկերությունների հնարավորություններն ու համագործակցության առաջարկները։
Միջոցառումը կարևոր քայլ էր Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության խորացման, առևտրաշրջանառության ընդլայնման և երկու երկրների գործարար համայնքների միջև անմիջական կապերի ամրապնդման ուղղությամբ։
