Նինոծմինդայում անցկացվել է «Քաղաքացիական բյուջե 2026» ծրագրի շրջանակում ներկայացված առաջնահերթ նախագծերի ընտրության գործընթացը։
Քվեարկությանը մասնակցել է 259 քաղաքացի։ Քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարել են գաղտնի քվեարկությամբ։
Քվեարկության արդյունքում Հովհաննես Մզիկյանի՝ «Նորաշեն թաղամասում պուրակի կառուցում» նախագիծը ստացել է 45 ձայն, Հայկազ Էլոյանի՝ «Պուրակի կառուցում Ճոճաշեն թաղամասում» նախագիծը՝ 54 ձայն, իսկ Արտյուշ Մոսոյանի՝ «Խոջաբեկ թաղամասում գտնվող արարողությունների տան մասնակի վերանորոգում» նախագիծը՝ 160 ձայն։
Այսպիսով, առավելագույն ձայներ ստացած նախագիծը՝ Խոջաբեկ թաղամասում գտնվող արարողությունների տան մասնակի վերանորոգումը, ճանաչվել է առաջնահերթ։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով՝ քաղաքացիական բյուջեի հիմնական նպատակն է բնակչությանը ներգրավել քաղաքի և մունիցիպալիտետի կառավարման գործընթացներում՝ քաղաքացիներին հնարավորություն տալով մասնակցել տեղական բյուջեից հատկացվող միջոցների առաջնահերթությունների որոշմանը։
«Քաղաքացիական բյուջե 2026»-ի շրջանակում նախատեսված բյուջեն կազմում է 50 000 լարի։
