Թբիլիսիում ներկայացվել է Սոնա Վանի «Նովա Եվա» գրքի վրացերեն թարգմանությունը

Թբիլիսիում ներկայացվել է Սոնա Վանի «Նովա Եվա» գրքի վրացերեն թարգմանությունը

Վրաստանի գրողների միության շենքում կայացել է ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Նովա Եվա» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին և Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոս Տաթևիկ Դունամալյանը։

Տաթևիկ Դունամալյանն իր ելույթում ընդգծել է գրականության առանձնահատուկ դերը՝ լեզվական տարբերությունները հաղթահարելու և ժողովուրդների միջև միմյանց ճանաչելու ու հասկանալու նոր հնարավորություններ ստեղծելու գործում։ Նա կարևորել է Սոնա Վանի գրական աշխարհը վրացի ընթերցողին ներկայացնելու նշանակությունը՝ հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման համատեքստում։

Սոնա Վանն իր խոսքում նշել է, որ վրացի ընթերցողին բանաստեղծական ժողովածուով արդեն երրորդ անգամ ներկայանալը վկայում է հայ-վրացական մշակութային կապերի ամրության և շարունակականության մասին։

Գրքի շնորհանդեսին ներկա են եղել գրականության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ և վրացի ընթերցասերներ։