Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են իրավապահ ոլորտում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ համագործակցությանը։ Նշվել է, որ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը ամուր հիմք է ստեղծում գործընկերության հետագա զարգացման համար։
Առանձնահատուկ ընդգծվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող համատեղ գործողությունների արդյունավետությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Վրաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորություններին։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային գործընթացները։ Վրաստանի վարչապետը վերահաստատել է Վրաստանի վճռական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։
