Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին:
Այցի շրջանակներում տեղի կունենա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը՝ Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների համանախագահությամբ:
Մարիամ Կվրիվիշվիլին տեղեկացրել է, որ քննարկվելու են երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության կարևոր հարցեր, այդ թվում՝ համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, առևտրի և այլ ոլորտներում։
«Մենք նաև հնարավորություն կունենանք խոսելու տարածաշրջանային նշանակության նախագծերի մասին, որոնցում Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը կարևոր դեր է խաղում, հատկապես Միջին միջանցքի համատեքստում», — ասել է Կվրիվիշվիլին։
