Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Կալինինգրադի շրջափակման դեպքում

Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Կալինինգրադի շրջափակման դեպքում


«Ռուսաստանը պատրաստ կլինի օգտագործել իր ամբողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը, իր տարածքը պաշտպանելու համար, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը երկրի մնացած մասից», — ասված է Իռլանդիայում Ռուսաստանի դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Ռուսաստանը «չունի որևէ ծրագիր, որևէ պատճառ և, ամենակարևորը՝ որևէ իրական դրդապատճառ Եվրոպայի հետ հարաբերությունները սրելու համար», — ասվում է դեսպանատան փաստաթղթում։ Կրեմլը կարծում է, որ «ռուսական սպառնալիքի» մասին հայտարարությունները նախատեսված են պաշտպանական ծախսերի ավելացման, «Եվրոպայի լայնածավալ ռազմականացման» և Ուկրաինային ֆինանսական, ռազմական և քաղաքական շարունակական օգնության արդարացման համար։

Միևնույն ժամանակ, Մոսկվան պնդում է, որ Արևմուտքն «իրական սպառնալիք» է ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Այս թեզը հաստատվում է ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ուժեղացմամբ  «Ռուսաստանի ամբողջ արևմտյան սահմանի երկայնքով», ինչպես նաև մի շարք երկրների միացումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը, որը թույլ է տալիս ֆրանսիական միջուկային զենք տեղակայել անդամ պետությունների տարածքում՝ «այսինքն՝ Ռուսաստանի շեմին»։

Սեպտեմբերի 29-ին ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթն ասել է, որ ՆԱՏՕ-ն «զուտ պաշտպանական դաշինք» է, և նրա գործողություններից ոչ մեկը «վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի որևէ մասի համար»։

«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառման սպառնալիքը, ներառյալ՝ ցանկացած անպատասխանատու միջուկային հռետորաբանություն», — ասել է նա գրավոր մեկնաբանության մեջ: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել իր չհրահրված պատերազմն Ուկրաինայում»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ, սեպտեմբերի 29-ին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի դեմ իր թշնամական գործողությունների անխոհեմ արշավը»։ «Նրանք փորձում են թուլացնել մեր վճռականությունը և դադարեցնել մեր աջակցությունն Ուկրաինային: Բայց դա նրանց չի հաջողվի», — ընդգծել է Ռյուտեն: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպությունը մտադիր է «Ուկրաինայի համար անել ավելին»: