Մեր աշխատանքի կարևոր ուղղություններից են ավանդական գործընկերների հետ հարաբերությունների հետագա խորացումը և ընդլայնումը: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«2021 թվականին շարունակաբար զարգացել է հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը: Էականորեն ընդլայնել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառելով առևտրատնտեսական, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկ և տրանսպորտային, տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, ինչպես նաև սոցիալական, առողջապահական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման նոր ուղղություններ»,- ասաց Միրզոյանը:
Միրզոյանն անդրադարձավ նաև հայ-ամերիկյան հարաբերություններին:
«Շարունակվել է ՀՀ-ԱՄՆ բարձր մակարդակի երկխոսությունը: Երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև, տեղի է ունեցել ԱԽ քարտուղարի այց ԱՄՆ, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը կազմակերպելու մասին»,- ասաց ՀՀ արտգործնախարարը: