Առատ ձյունն Արցախում մի շարք խնդիրներ է հարուցել: Միջշրջանային ու միջհամայնքային փակ ճանապարհներ կան: Տեղումներն առավել շատ էին Մարտունու շրջանում, որտեղ ձյան շերտի բարձրությունը հասել է մինչև 1 մետր 20 սանտիմետրի:
Հայկ Խանումյան (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) — Ենթաշրջաններում ունենք էլեկտրաէներգիայի էլեկտրագծերի վթարներ, որոնք այս պահին նորոգման փուլում են: Մարտունու շրջանում նաև գազատարի վթար ենք ունեցել, որը վերացվել է: Ամենալավ վիճակը Մարտակերտի շրջանում է, Ասկերանի շրջանում որոշակի խնդիրներ կան կոնկրետ համայնքների գծում՝ լեռնային, փոքր համայնքների հետ կապված:
Ստեղծված իրավիճակում Ստեփանակերտի հանրային տրանսպորտը երկու օր չէր աշխատում, ուղևորափոխադրումն այժմ վերականգնվել է մայրաքաղաքում, սակայն միջքաղաքային տրանսպորտը շարունակում է չգործել: Նման որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով: Ընթանում են փողոցների մաքրման աշխատանքներ:
Սամվել Ղուլյան (Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ) — Դպրոցամերձ տարածքներին է մեծ ուշադրություն դարձվել, և տեխնիկական միջոցներով նաև մայթ մաքրող տեխնիկական միջոցներով կենտրոնացած ենք մայթերի և ծայրամասային փողոցների մաքրման աշխատանքներում:
Ձյան աննախադեպ տեղումների հետևանքով առաջացած խնդիրները քննարկվել են Արցախի նախագահի հրավիրած խորհրդակցությանը: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ձնամաքրման աշխատանքներում ներգրավել բոլոր շինարարական կազմակերպությունների ու պետական հիմնարկ-ձեռնարկությունների տեխնիկան և աշխատակիցներին:
Հայկ Խանումյան — Բարեբախտաբար, անցած տարի թարմացրել ենք շրջանների շինարարական կազմակերպությունների տեխնիկան՝ թե՛ նոր գրեյդերներով, թե՛ նոր էքսկավատորներով, բայց նաև թրթուրավոր և անվավոր տեխնիկա է ներգրավվում մասնավորից՝ վառելիք է տրամադրվում, և տարբեր համայնքներում առկա տեխնիկան նույնպես հնարավորության դեպքում ներգրավվում է ձնամաքրման աշխատանքներին:
Արցախում փրկարարներն ու ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն են իրականացնում: Առատ ձյան պայմաններում գրանցվել է 28 ճանապարհատրանսպորտային պատահար՝ երկու քաղաքացի մարմնական վնասվածքով դիմել է բուժհաստատություն: Կառավարությունը որոշմամբ՝ երեք օրով հետաձգվել են դպրոցական պարապմունքները: