Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի առաջարկներին

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի առաջարկներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտնել է, որ Երևանին փոխանցված ադրբեջանական առաջարկներում անընդունելի ոչինչ չկա:

«Մարտի 10-ին Երևանին փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ հարցերը, այդ առաջարկները ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը, և մեր պատասխանները եկել են ամբողջացնելու այդ օրակարգը»,- ասաց Միրզոյանը:

Նախարարի խոսքով՝ առանցքային և սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը:

«Դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը` կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ` հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկիի Եզրափակիչ ակտը»,- ասաց Միրզոյանը:

Նախարարը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային չէ, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոտնձգության հարց չէ, այն բացառապես և ամբողջովին Լեռնային Ղարաբաղի իրավունքների հարց է: