Մեծարման հանդիսույթ, նվիրված անվանի գրող և ազգագրագետ Ալբերտ Իսոյանին

Մարտի 26-ին, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի դահլիճում, Վրաստանի հայ գրողների, կենտրոնի աշխատակազմի, ավագ սաների, գրողի հարազատների և մերձավորների մասնակցությամբ տեղի ունեցավ մեծարման հանդիսույթ, նվիրված անվանի գրող և ազգագրագետ Ալբերտ Իսոյանին, նրան ՀՀ սփյուռքի նախարարույան Վիլյամ Սարոյան մեդալով պարգևատրմանը:

Միջոցառումը բացեց ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ, կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը: Օրհնության խոսք ասաց Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:

Ցերեկույթին գնահատանքի խոսքեր հնչեցին անվանի մտավորականի հասցեին, ում գրչի արգասիքն է 8 ստվարածավալ գիրք՝ նվիրված Ջավախքի ազգագրությանը, արտերկիր կատարած ուղեգրություններին, նաև՝ բանաստեղծություննր, զվարճապատումներ և այլն:
Իրենց ելույթներում գրողներ Նազելի Նաիրին, Հովհաննես Մարիկյանը, Միքայել Եսոյանը, Հմայակ Գրիգորյանը, նաև Մանուկ Կարախանյանը,Արաքսյա Վարդանյանը, Թամար Ծառուկյանը,Կիմիկ Իսոյանը սրտանց շնորհավորեցին անվանի գրողին: Վերջում ելույթ ունեցավ Ալբերտ Իսոյանը: Նա սրտանց շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ բարձր պարգևի առիթով, ՎՀԳ «Վերնատուն» միությանը՝ միջնորդելու համար, պարտավորվեց միշտ բարձր պահել հայ գրողի անունը:

Միջոցառումը իրենց գեղեցիկ ելույթով զարդարեցին Կենտրոնի երգչախումբը (Ի.Ղսրսլյանը), ասմունքի ստուդիայի (Ս. Սնխչյան) սաներ Կարինե Ղարագուլյանը, Աննա Կիրակոսյանը, Դիանա Մարաբյանը, Վարսենիկ Այվազյանը:

Մեծարման ցերեկույթը վերածվեց հայ մշակույթին և գրականությանը նվիրված գեղեցիկ փառատոնի: Այն ավարտվեց հյուրասիրությամբ:


Կենտրոնի մամլո դիվան