Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Մեծ Պահքի չորրորդ շաբաթ օրը հիշատակում է Սեբաստիայում նահատակված սուրբ քառասուն մանուկների հիշատակը:
2017 թվականի մարտի 25-ին, Սեբաստացի սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագին ներկա էին Վիրահայոց թեմի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի և Սուրբ Գրիգոր Նարեկացի մեկօրյա դպրոցի սաներն իրենց ուսուցիչների և ծնողների հետ, ինչպես նաև բազում հավատացյալներ:
Հընթացս Սուրբ Պատարագի, արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, ներկայացրեց 4-րդ դարում Լուսապսակ այս քաջ սուրբ քառասուն մանուկների նահատակության պատմությունը, որոնք բոլորն էլ կայտառ երիտասարդներ էին: Նրանք Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Ավելի խոր ու սերտ միությամբ, իբրև մեկ հոգի, ամրացած, քրիստոնյա հավատքի մեջ զորացած, նրանք կարողացան արիությամբ, անվախ կեցվածքով դիմավորել քրիստոնյա հավատքի դեմ ուղղված սպառնալիքը, նահատակվեցին, բայց չդավաճանեցին իրենց հավատքին:
Սեբաստիայի 40 վկաների նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվեց «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչեւ Լենկթեմուրի արշավանքը:
Պատարագի ընթացքում եկեղեցում 40 վառվող մոմերով զարդարված սեղանը խորհրդանշորեն վկաների հավատարմությունն էր քրիստոնյա հավատին, և նրանց նահատակությունը, որ երևում է լուսե պսակներով: Իսկ տանջանքներին չդիմացող նահատակի մոմը, որ մնացել էր առանց ծաղկի, խորհրդանշում էր նրա զրկվելը երկրային և երկնային կյանքից:
Հավարտ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդը դիմելով հավատացյալներին և Պատարագին ներկա մանուկներին, 40 մանկանց պատմության օրինակով հորդորեց՝ կյանքի բոլոր դժվարությունների մեջ անգամ հավատարիմ մնալ Քրիստոսի հավատին, ապրել սիրով, լինել բարի ու զոհաբերության պատրաստ, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները, ապրել երկնային պսակին արժանանալու նվիրումով:
Հավարտ պատարագի՝ հոգևոր հայրերի կողմից կատարվեց բուսական յուղի ավանդական օրհնություն, որը հավատացյալները տարան իրենց տները:
Աղբյուր՝ armenianchurch.ge