Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուռնաշեթ գյուղի բնակիչ Վարշամ Հարությունյանը ահազանգում է, որ գյուղից դեպի Ազավրեթ տանող ճանապարհի կամուրջը քանդվել է եւ ջուրն արդեն հասնում է իր ավտոտնակ։
«Արդեն մեկ տարուց ավելի է այս իրավիճակն է, ժամանակի հետ ավելի քանդվեց եւ այսօր արդեն ճանապարհով անցնել հնարավոր չէ։ Տեղյակ են բոլորը, գյուղի լիազորները քաղաքապետարան դիմում են գրել, քաղաքապետ Մելքոն Մակարյանը անձամբ է եղել գյուղում եւ տեսել. խոստացավ, որ հարցը լուծում կստանա, սակայն մինչև հիմա սպասում ենք»,֊ ասում է Բուռնաշեթ գյուղի բնակիչ Վարշամ Հարությունյանը։
Խնդրի վերաբերյալ զրուցեցինք Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ, ով հաստատեց, որ տեղյակ է խնդրին եւ հավաստացրեց՝ առաջիկայում լուծում կստանա։ Քաղաքապետի խոսքով. ձմռանը հնարավոր չէր վերականգման աշխատանքներ իրականացնել՝ եղանակային պայմաններից ելնելով, իսկ այսօր վարարած գետի ջուրն էլ դուրս է եկել եւ իրավիճակն ավելի է սրվել։ Քաղաքապետը վստահեցնում է խնդիրն ուշադրության կենտրոնում է. «Մոտ օրերս կսկվի Լոմատուրցխ֊Բուռնաշեթ ճանապարհահատվածի վերականգման աշխատանքները, անձամբ ինքս եմ խնդրել աշխատակիցներին այդ կամուրջը եւս բարեկարգել։ Աշխատանքների սկիզբը մայիսի 26֊ին է նշված, հետեւապես մինչև ամսվա վերջ կսկվի ճանապարհաշինարարական աշխատանքները եւ այդ հարցը անպայման լուծում կստանա»,֊ հայտնեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Գյուղացիները հույս են հայտնում, որ բարձրաձայնելով խնդիրը, պատկան մարմիններին ավելի արագ կհասնի։