Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 8-ին Մարտակերտ քաղաքում մասնակցել է «Արցախ ՍՏԵՄ էքսպո» (Artsakh STEM Expo) կրթական-տեխնոլոգիական միջոցառմանը, որը կազմակերպվել է «Արցախի երիտասարդ մտքեր» կազմակերպության նախաձեռնությամբ և Արցախի կառավարության ֆինանսավորմամբ: Այդ մասին ասված է Արցախի կառավարության Ֆեյսբուքի էջում։
«Միջոցառումը նպատակ ուներ դպրոցականների և երիտասարդների մոտ բարձրացնել բնագիտական, տեխնոլոգիական, ինժիներիայի և մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրվածության մակարդակը, կապ ստեղծել կրթության բնագավառի և աշխատաշուկայի միջև:
Պետական նախարարը ողջունել է միջոցառման մասնակիցներին ու գաղափարակիցներին՝ ընդգծելով պետական քաղաքականության հաստատուն շարունակականությունը բնական գիտությունների ու նորարար տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունների աճին խթանելու ուղղությամբ:
Արտակ Բեգլարյանը ներկա է գտնվել գիտական, տեխնոլոգիական, ինժեներական գաղափարների մրցույթներին, դասընթացներին ու պլենար քննարկումներին, շփվել միջոցառման մի խումբ մասնակիցների հետ: Նա շեշտադրել է, որ Մայիսյան եռատոնին ընդառաջ կազմակերպվող ապագային միտված այսպիսի միջոցառումը ցույց է տալիս Արցախի երկարաժամկետ զարգացման կառավարության տեսլականը՝ հիմնված կրթության ու գիտության վրա:
«Արցախ ՍՏԵՄ էքսպո»-ն հանրապետությունում անցկացվում է առաջին անգամ՝ Արցախից ու ՀՀ տարբեր բնակավայրերից 400 դպրոցականների ու երիտասարդների ընդգրկմամբ»,- նշված է գրառման մեջ: